31/03/2020 14:35
Փաշինյանն ու Լուկաշենկոն հայտարարել են, որ ռուսական գազի գնի բարձր մակարդակը չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ստեղծված իրավիճակին
Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են տնտեսության գործունեությունը ներկայիս ծանր պայմաններում՝ նշելով առկա լուրջ խնդիրներն ու դժվարությունները:
Կողմերը կարծիքներ են փոխանակել ածխաջրածինների գների վերաբերյալ, որոնք Բելառուսն ու Հայաստանը ներմուծում են Ռուսաստանից: Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանն արձանագրել են բնական գազի գնի բարձր մակարդակը, նշելով, որ այն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային մակարդակին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին:
Քննարկման առանձին թեմա էր առողջապահական համակարգերի գործունեությունը և սեզոնային սուր վիրուսային վարակների տարածման հակազդումը:
Նաև ներկայիս իրավիճակի կապակցությամբ Բելառուսի նախագահը և ՀՀ Վարչապետը քննարկել են ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման հնարավորությունը՝ տնտեսական զարգացող մարտահրավերները քննարկելու համար:
Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունով հանդես է եկել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկրի ղեկավար: Բելառուսի առաջնորդն ընդգծել է հրատապ հարցերի առկայությունը, որոնք պահանջում են մանրամասն քննարկում ամենաբարձր մակարդակով:
Բելառուսի ղեկավարը հանձնարարել է ԵՏՀ Խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին՝ յուրաքանչյուր կողմի հետ մշակել այդ հարցը և նրանց հասցնել քննարկված դիրքորոշումները: Եթե պետությունների ղեկավարները համաձայնեն, Բելառուսը կառաջարկի հանդիպումը անցկացնել բացառապես նեղ կազմով՝ երաշխավորելով ժամանած պատվիրակությունների յուրաքանչյուր անդամի լիակատար անվտանգությունը:
Այս քննարկման անցկացման այլընտրանքային տարբերակն, ըստ բելառուսական կողմի, կարող է լինել տեսահամաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության առաջնորդների մասնակցությամբ: