31/03/2020 22:57
Այո, դիլեմաներ առաջանում են, բայց մենք չենք ուզում վերահսկել մարդկանց. Տիգրան Ավինյան
Հեռախոսազանգերի վերահսկողությունը հնարավորություն է տալու տեղորոշել վարակակրի հետ շփված անձանց, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այստեղ չկա մարդկային միջամտություն, կա ծրագիր, ամեն ինչ ավտոմատացված է։ Եթե անձը հաստատում է, որ շփվել է վարակակրի հետ, մենք նրան խնդրում ենք ինքնամեկուսանալ։ Ունենք ասիական երկրների փորձը, որոնք էֆեկտիվորեն օգտագործել են տեղեկատվական տեխնոլոգիաները, վերահսկել զանգերը», - ասաց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ բոլոր սահմանափակումներն անարդյունավետ կլինեն, եթե պետությունը չկարողանա անձանց մեկուսացնել՝ կանխարգելելով վարակի տարածման շղթան։
«Այո, դիլեմաներ առաջանում են, բայց մենք չենք վերահսկում մարդկանց, մենք միայն ուզում ենք կանխարգելել վարակի տարածումը», - ասաց փոխվարչապետը։
Տիգրան Ավինյանը միաժամանակ հիշեցրեց՝ եթե որևէ քաղաքացի, որևէ օր ԱԻՆ աշխատակցից զանգ ստանա, որով իրեն կհայտնեն, որ, հնարավոր է, ինքը ռիսկի խմբում է և այսինչ օրը, այսինչ վայրում, միգուցե, շփվել է վարակակրի հետ, զանգ ստացած քաղաքացին պետք է մեկնի ինքնամեկուսացման վայր։