31/03/2020 10:12
«Իրատես». Քաղաքային տրանսպորտում ուղևորների թիվը ոչ թե 4-ից, այլ 10-ից ավելի է
«Իրատես» թերթը գրում է. ««Ախր էսպես ո՞նց կլինի։ Մի ընտանիք ենք, իրար հետ ապրում ենք մի տան մեջ, մի տան մեջ ինքնամեկուսացված ենք պարետի ցուցումով, բայց այդ ոնց է, որ նույն ընտանիքի անդամներով մի ավտոմեքենայով չենք կարող տեղից տեղ տեղափոխվել», - այսպես հեռախոսազանգերով գանգատվում էին մեր ընթերցողները։
Ի դեպ, այս հարցը տարակուսանքի մեջ է գցել մարդկանց։ Իհարկե, մի կողմից հասկանալի է պետության մտահոգությունը` ամեն ինչ պետք է անել վարակի տարածումը հնարավորինս կանխելու համար, մյուս կողմից, վերը նշված պահանջը, իսկապես, խնդիր է առաջացնում ոչ միայն անհարմարավետության, այլև նյութական առումով։ Պատկերացնենք, որ ընտանիքը բաղկացած է 4 անձից, տեղից տեղ փոխադրվելու համար յուրաքանչյուրն առանձին-առանձին տաքսի պետք է հրավիրի, չնայած երկուսն էլ գնում են նույն տեղը, ասենք, հենց իրենց տուն։
Ստացվում է` յուրաքանչյուրն առանձին պետք է վճարի, այն էլ այս իրավիճակում, երբ մարդիկ չեն աշխատում և յուրաքանչյուր կոպեկ հաշվված է։ Եթե այս մոտեցումն արվում է վարակի տարածումը կանխելու նպատակով, նկատենք, որ քաղաքային տրանսպորտում ուղևորների թիվը ոչ թե 4-ից, այլ 10-ից ավելի է։ Գուցե, պահպանելով հիգիենայի կանոնները, պետք է թույլատրե՞լ ընտանիքի անդամներին մեկ մեքենայով երթևեկել»։