01/04/2020 09:50
«Ժողովուրդ». Պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք. Պողոսյան
«Ժողովուրդ» թերթը ը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 13-ը բանակում արձանագրված 13 մահվան դեպքով ՊՆ ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետն ու ՌՈ պետն ազատվեցին պաշտոնից: Եվ, ահա, մարտի 20-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանին նշանակեցին ԶՈՒ բարոյահոգեբանական վարչության պետ: Սակայն նկատենք, որ, գնդապետի անվան հետ կապված, տարիներ առաջ մամուլում աղմկահարույց հրապարակում է եղել:
Մասնավորապես, «Նորաշեն 2007» ընկերության գործունեությունից տուժած մի խումբ բնակիչներ բաց նամակ էին հրապարակել, որտեղ նշել էին, թե 2011թ. փետրվարի 16-ին հարուցված քրգործի նախաքննության շրջանակներում ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը շատ կարևոր ապացույց ձեռք բերելու նպատակով պաշտոնական հարցում էր կատարել ՀՀ ՊՆ, սակայն ՊՆ-ից նրան պատասխանեցին ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ: Դրա կազմակերպիչը ՊՆ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Արիսի Պողոսյանն է, որը սույն գործով մեղադրյալի փոխարեն ճանաչվել է վկա:
«Նախաքննության ժամանակ նա հրաժարվեց, որ մենք ծանոթ ենք, այնինչ 2008-2010թթ. ընթացքում կատարել ենք մեկ տասնյակից ավելի գործարքներ: Կան բոլոր նոտարական պայմանագրերը»: «Ժողովուրդ» օրաթերթը այս նամակի և բանակի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու հարցերի շուրջ փորձեց զրուցել գնդապետ Պողոսյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ հեռախոսով նպատակահարմար չի գտնում խոսել, կհանդիպենք, և մեր բոլոր հարցերին կպատասխանի: Իսկ, ահա, բանակում քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու հարցին ի պատասխան՝ նշեց. «Համալիր միջոցառումներ են լինելու, և ոչ միայն մեր նախարարության մասշտաբով, տարբեր գերատեսչություններ առնչություն կունենան, պետք է գիշեր-ցերեկ բոլորովս քրտնաջան աշխատենք և կարողանանք դա կատարել»: