01/04/2020 15:24
Հայկական ԱԷԿ-ն իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները ԱԷԿ-ի անխափան գործունեության և աշխատակիցների առողջական վիճակի վերահսկման նպատակով։ Ստեղծված իրավիճակում ձևավորվել է օպերատիվ շտաբ, որն իրականացնում է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։
«Վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու գործում մեր հիմնական խնդիրն է սահմանափակել շփումների քանակը։ Կայանի աշխատակիցների մեծամասնությունն անցել է հեռավար աշխատանքի։ Ինչ վերաբերվում է արտադրությունում զբաղված մարդկանց, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ԱԷԿ-ի անխափան աշխատանքը, ապա ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները նրանց առավելագույն պաշտպանության ապահովման համար: Մեզ համար շատ կարևոր է ապահովել կայանի բնականոն աշխատանքը և մարդկանց առողջությունը», - ասաց Արթուր Գրիգորյանը:
Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները:
Նշենք, որ օրեր առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը հանդես է եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ Ռոսատոմը ձեռնարկում է անհրաժեշտ բոլո միջոցները, որպեսզի նվաազեցվի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա, և պատվիրատուների առջև ստանձնած պարտավորությունները կատարվեն ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով:
Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում: ՀԱԷԿ-ում արտարդվում է Հայաստանում գեներացվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, ապահովելով Հայաստանի բնակչությունը և ձեռնարկույունները էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներով: