01/04/2020 23:17
Կորոնավիրուսի դեմ կոճապղպեղի (իմբիր) և կիտրոնի արդյունավետությունն ապացուցված չէ. ԱՀԿ (РИА Новости)
Կոճապղպեղ և կիտրոն կարելի է օգտագործել առողջության պահպանման համար, սակայն դրանց բուժական արդյունավետությունը COVID-19-ի դեմ ապացուցված չէ, հայտարարել է առողջապահական ոլորտում արտակարգ դրության հարցերով ԱՀԿ-ի ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը՝ Ժնևում կայացած մամուլի ասուլիսում:
«Այն ամենը, ինչն օգնում է մեզ ավելի լավ զգալ, այն ամենը, ինչը վստահություն է տալիս և այն ամենը, ինչը համարում եք ոչ վնասակար, անխոս կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա: Բայց դա նույնը չէ, ինչ ասելը, որ սա արդյունավետ է հիվանդության դեմ: Այս պահի դրությամբ չկա որևէ թերապիա, որի արդյունավետությունը COVID-19-ի դեմ պայքարում հաստատված է», - ասել է նա՝ ի պատասխան հարցի՝ օգնու՞մ է կոճապղպեղը (իմբիր-խմբ.) պաշտպանվել կամ ապաքինվել նոր կորոնավիրուսից:
Ռայանը հիշեցրել է, որ ԱՀԿ-ն ներկայումս իրականացնում է COVID-19-ի դեմ առավել խոստումնալից դեղամիջոցների լայնածավալ փորձարկումներ:
«Այսպիսով, ես խորհուրդ կտամ մարդկանց, եթե ունեն նախընտրած միջոցներ, ինչպիսիք են կիտրոնը, կոճապղպեղը կամ մեղրը, շարունակեն օգտագործել դրանք հիվանդության ընթացքում: Բայց եկեք չհաստատենք ենթադրությունները, թե որևէ բան կարող է բուժել COVID-19-ը: Այս պահին չկա ապացուցված թերապիա», - ավելացրել է նա:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են անհայտ թոքաբորբի բռնկման մասին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ): Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է, ավելի ուշ հիվանդությունը պաշտոնապես անվանվել է COVID-19:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին աշխարհում հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա: