01/04/2020 16:07
Վստահ եմ՝ Արցախի ընտրությունները որևիցե պարագայում որևէ կասկածի նշույլ չեն ունենալու և չեն կարող ունենալ․ Ալեն Սիմոնյան
Այն ժողովրդավարական պրոցեսները, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետությունում, արդեն ոչ առաջին անգամ ի ցույց են դնում Արցախի՝ որպես հանրապետություն կայացվածությունը, Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք միջազգային դիտորդների՝ ընտրություններին ներկա չգտվելը, կարող է առիթ լինել դրանք չկայացած համարելու համար։
«Կարծում եմ ու վստահ եմ, որ այս ընտրությունները որևիցե պարագայում որևէ կասկածի նշույլ չեն ունենալու և չեն կարող ունենալ», - ասաց Սիմոնյանն՝ ավելացնելով.
«Լեգիտիմության խնդիր նույնպես չունենք։ Չեմ կարծում, որ եթե նույնիսկ ավելի դիտորդներ լինեին այստեղ, շատ կտրուկ փոփոխություններ էին լինելու։ Կարևորը պրոցեսներն են, որոնք տեղի են ունենում, կարևորն Արցախի ժողվորդի գիտակցությունն է, որը կա»։
Հիշեցնենք՝ Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել բավարար թվով ձայներ:
Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: