01/04/2020 18:39
Ադրբեջանում զորամասերի հրամանատարներն ուշացնում են տուրքերը
Համաձայն 2020թ. մարտի 17-ի trend.az ադրբեջանական լրատվական կայքում հրապարակված տեղեկատվության՝ «Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Ադրբեջանի նախագահի ռազմական հարցերով օգնական, գեներալ-գնդապետ Մագերամ Ալիևը եղել են սահմանամերձ զորամասերից մեկում»:
Սա պաշտոնական տեղեկատվությունն է: Իսկ ավելի ստույգ՝ նշված բարձրաստիճան զինվորականներն այցելել են տվյալ զորամաս այլ նպատակով:
Ստուգայցից մի քանի օր հետո պաշտոնանկ է արվել տվյալ զորամասի հրամանատարը:
Վերջինս դեռ շատ վաղուց էր թիրախավորվել իրավապահ մարմինների կողմից, մասնավորապես այն դեպքից հետո, երբ վերադաս շտաբից ժամանած ստուգող հանձնաժողովի ղեկավարին առաջարկել էր 5000 մանաթ կաշառք, որպեսզի վերջինս թաքցնի զորամասի վառելիքաքսուկային նյութական միջոցների պակասի փաստը:
Դա Ադրբեջանի զինված ուժերում այն տարածված դեպքերից է, երբ հենց ստուգողներն են խթանում կաշառակերության զարգացումը բանակում: Բացի այդ, արդեն պաշտոնանկ հրամանատարը զորամասի կարիքների համար նախատեսված տրանսպորտային միջոցները և դիզելային վառելիքը օգտագործում էր սեփական «կալվածքների» բարեկարգման համար:
Զորամասի պայմանագրային և կրտսեր սպայակազմի մի ստվար զանգված, մարտական հերթապահության մեջ ընգրկվելու փոխարեն, իր ծառայությունն էր մատուցում «վասալ» հրամանատարի «կալվածքներում»:
Զորամասի հրամանատարի պաշտոնանկության վարկածներից է նաև ագահության հանգամանքը. վերջինս, այսպես կոչված, «կալվածատիրոջ» կարգավիճակում հայտնվել էր հենց Բաքվի բարձրաստիճան զինվորականների համաձայնությամբ և ագահության չափն անցնելով, հրաժարվել Բաքվի գեներալիտետին հայտնել իր բարեկեցության «ֆինանսական շնորհակալությունը», ինչն էլ առիթ է հանդիսացել նրա «գահավիժման» համար: