01/04/2020 18:56
COVID-19-ի պատճառով Ադրբեջանում մեկուսացվածները գոյատևման պայքար են մղում
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը haqqin.az լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է COVID-19 վարակով կարանտինի տակ պահվող Ադրբեջանի քաղաքացիների բողոքներին և հայտարարել.
«Այս հարցին պետք է նայել օբյեկտիվորեն։ Կարանտինն առողջարան չէ: Ոչ ոք չպետք է մտածի, որ նա ժամանել է կարանտին հանգստի համար, որ նրա համար անվճար զբոսաշրջային հնարավորություններ են ստեղծելու»:
Իրական փաստերն արձանագրում են ամենևին այլ պատկեր: Ադրբեջանում COVID-19 վարակով մեկուսացվածները բառի բուն իմաստով մղում են գոյատևման պայքար:
Մեկուսացման անտանելի պայմաններ են ստեղծված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, որտեղ մեկուսացվածները բարձրաձայնում են կեցության սարսափելի հնարավորությունների, սպառնալիքների և նույնիսկ ֆիզիկական բռնության մասին:
Մեկուսացվածների գերակշռող մասը Նախիջևանի զորամասերի տարածքում է: Զորամասերում մեկուսացված անձանց խոսքերով՝ մեկուսարանների դռների մոտ հերթապահում են զինված անձինք և նրանց կարգադրությունները չկատարելու դեպքում մեկուսացվածներից խլում են բջջային հեռախոսներն, անձնագրերը, իսկ առանձին դեպքերում՝ մեկուսացնում նկուղներում:
Համացանցում անգամ տեղեկատվություն է հայտնվել, որ անհնազանդության դրսևորման համար դաժան ծեծի է ենթարկվել մեկուսացված ադրբեջանցի ուսանողը:
Տվյալ զորամասերում տիրում է անկառավարելի իրավիճակ: Զորամասերի առանձնացված տարածքներում կալանքի տակ իրենց պատիժն են կրում բազմաթիվ զինվորներ, որոնք զորամասերում մոլեգնող համաճարակի պատճառով ինքնակամ լքել էին ծառայության վայրը:
Վարակված, ծայրահեղ ծանր առողջական վիճակում զինվորներին չեն հոսպիտալացնում՝ վարակակիրների իրական քանակը թաքցնելու նպատակով:
Տվյալ դեպքերը եզակի չեն Ադրբեջանում և դրանց լուսաբանման սակավությունը փաստում է միայն մեկ բան՝ երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: