02/04/2020 17:11
Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ, ունենալու ենք աղքատության խորացում. փորձագետ
Գազի նոր սակագնային քաղաքականության ընդունման դեպքում Հայաստանում նկատվելու է կտրուկ գնաճ, ունենալու ենք աղքատության խորացում, որովհետև հիմնականում թիրախավորվում է սոցիալապես անապահով սեգմենտը: Այդ մարդիկ ծախսած գազի դիմաց վճարելու են նույն թիվն, ինչ մնացածները: Մյուս կողմից՝ թիրախավորվելու են տնտեսվարող սուբյեկտները: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությանը, որ արդեն իսկ ստացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։
«ՀԾԿՀ-ն ներկայումս չունի իրական, արդյունավետ և պրագմատիկ գործիքներ՝ ազդելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության սակագնային քաղաքականության վրա: Ըստ 2013 թվականի դեկտեմբերին կնքված համաձայնագրերի՝ ընկերության տարեկան շահութաբերույթունը պետք է կազմի 9 տոկոս: Սա բավական բարդ ցուցանիշ է՝ հաշվի առնելով ընկերության ներդրումային քաղաքականությունը և երկրի ներսում գազի սպառման համեստ դինամիկան:
Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ հայ-ռուսական գազային բանակցությունների սեղանին պետք է դրվի ոչ թե պարզապես գնի (գինն ընդամենն ածանցյալ է), այլ պայմանագրերի որոշ հիմնադրույթների վերանայման հարցը: Հիմնադրույթների, որոնք սահմանափակում են Հայաստանում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության իրականացումը», - ասաց Վահե Դավթյանը:
Անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ռուսական կողմին արված առաջարկին՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, մեր զրուցակիցը նկատեց.
«Իրականում, բանակցությունների մասին հայտարարվում է վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն երկու օր առաջ պարզ դարձավ, որ այդ բանակցությունները կա՛մ չեն ընթացել, կա՛մ ընթացել են բավականին դանդաղ տեմպերով, կա՛մ չեն բերել արդյունքի, որը կցանկանար հայկական կողմը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակը, կարծում եմ, դրա մասին է վկայում:
Փոխվարչապետը ռուսկան կողմին առաջարկում է միջազգային շուկայում առկա իրավիճակից ելնելով՝ վերանայել սահմանին բնական գազի գինը: Փաստորեն, առաջարկ է արվում այսօր սահմանին գործող գինը սինխրոնիզացնել եվրոպական շուկայում գործող սփոթային գներին: Սակայն այդ գները երկարաժամկետ չեն, և այն ժամանակից սկսած, երբ եվրոպական շուկայում գազի գինը կսկսի նորից անխուսափելիորեն բարձրանալ, 2021 թվականին գազի գները միջազգային շուկայում վերադառնալու են նախկին դիրքերին:
Նախկին դիրքերում՝ 2018-2019 թվականների սկզբին, Ռուսաստանմի կողմից արտահանվող բնական գազի գինը հասնում էր 220-225 դոլարի: Վաղը, երբ շուկան կկարգավորվի, և դա, կրկնում եմ, անխուսափելի է, Հայաստանի համար գազի գինը սահմանին կարող է էական աճ արձանագրել: Ի՞նչ ենք մենք անելու: Նորից գրելու ենք Միլլերին, որ գինն իջեցնի՞: Մեր կարճաժամկետ քայլերը կարող են ունենալ շատ բացասական հետևանքներ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, որովհետև գինն ընդամնեը մեկ տարի հետո կարգավորվելու է: Կարգավորվելու է, այսինքն՝ բարձրանալու է, և այն 165 դոլարը, որ մենք այսօր վճարում ենք սահմանին, ընդամենը մեկ տարի հետո կարող է լինել շուկայականից ցածր գին: Բայց, քանի որ մեր գնային քաղաքականությունը սինխրոնիզացնում ենք եվրոպական գների հետ, ստիպված ենք լինելու վճարել ավելի բարձր գին, քան վճարում ենք այսօր: Այսինքն՝ պետք է մտածել մի քանի քայլ առաջ, ինչը, ճիշտն ասած, այսօր կառավարության մոտ չեմ տեսնում», - ամփոփեց Վահե Դավթյանը: