02/04/2020 13:11
«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19․ նրանք պահվող անձանց հետ շփում չեն ունեցել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։
Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։
Վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության բաժնի մյուս աշխատակիցները՝ թվով 28 անձ, այս պահին ևս մեկուսացվել են, կատարվում է նմուշառում։
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։