02/04/2020 19:52
ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները՝ իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար. Նաղդալյան
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող Հայաստանի քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար, Aysor.am-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մոտ առկա տեղեկատվության՝ ներկայումս «Դոմոդեդովո» օդանավակայանում հավաքված ՀՀ քաղաքացիների` դեպի Հայաստան թռիչքը չեղարկվել է, որի մասին վերջիններս, ըստ կարգի, պետք է տեղեկացված լինեին», - ասաց Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ դեսպանությունը «ճշտում է օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ստեղծված իրադրության պատճառները հասկանալու և իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար»:
Ավելի վաղ ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Սուջյանը տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ մի խումբ հայեր մնացել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։