02/04/2020 21:02
Հնարավոր է՝ ժամանակի ընթացքում դառնա սեզոնային վարակ, ինչպես գրիպն է. համաճարակաբանը՝ կորոնավիրուսի մասին
COVID-19-ը նախորդ տարվա դեկտեմբերից շարունակում է լարված պահել աշխարհի բնակիչներին: Պանդեմիայի վերածված վիրուսն այս ընթացքում ախտահարել է ավելի քան 977 հազար մարդու, շուրջ 50 հազարն էլ համաճարակի զոհ է դարձել, մոտ 205 հազար մարդ կարողացել է հաղթահարել հիվանդությունն ու ապաքինվել:
Այս սանդղակում Հայաստանը կորոնավիրուսով վարակված արդեն 663 քաղաքացի ունի ու 5 մահվան դեպք:
Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Երևանի պետական բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանի հետ:
- Մեր երկրում կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումները բավարար համարո՞ւմ եք, և արդյոք ճիշտ ժամանակին սկսեցինք կանխարգլման աշխատանքները, թե՞ պետք էր ավելի շուտ ձեռնարկել:
- Մեկ շաբաթ շուտ, կամ մեկ շաբաթ ուշ` խոսելուց առաջ պետք է գիտակցենք, որ սա նոր հիվանդություն է, ու ինֆորմացիան դրա մասին այնքան էլ շատ չէր: Այնպես որ, չեմ կարծում, որ ինչ-որ բանում շատ ենք ուշացել: Այսօրվա դրությամբ արվում է այն, ինչ հնարավոր է անել: Այս խստացումներն անհրաժեշտ են, որպեսզի մարդկանց շփման շրջանակը փոքրանա, հիվանդների հետ շփում չլինի: Թոքերի արհեստական շնչառության նոր ապարատներ բերվեցին ու դեռ կբերվեն, համապատասխան հանդերձանք, դիմակներ են նորից բերում: Պատվաստանյութն էլ հիմա փորձարկումների մեջ է, տեսնենք՝ երբ կլինի: Քանի որ հիվանդությունը նոր է, հնարավոր չէ ամեն ինչ միանգամից կարգավորել..
- Տեղյա՞կ եք, պատվաստանյութի ստեղծումն այս պահին ի՞նչ փուլում է, կա՞ հավանականություն, որ ի վերջո COVID-19-ը հաղթահարող վակցինա կունենանք:
- Կարծում եմ, որ ի վերջո նման պատվաստանյութ կունենանք, ուղղակի դրա համար ժամանակ է պետք: Այն պետք է լինի իմունոգեն (ուժեղ իմունիտետ առաջացնող), մեկտեղ՝ մարդու օրգանիզմի համար անվնաս: Այդ պատվաստանյութի ուղղությամբ Չինաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում ակտիվ աշխատանքներ են տարվում: Այժմ այն փորձարկման փուլում է, փորձեր են կատարվել կենդանիների, հիմա արդեն՝ այն մարդկանց վրա, ովքեր իրենց համաձայնությունը տվել են: Ժամանակ է պետք, որ պատվաստվելուց հետո արյան մեջ հակամարմիններ առաջանան ու դրանց քանակից մասնագետները հասկանան վակցինայի հզորությունը և ազդեցությունը: Երևի մոտ մեկ ամսից պարզ կլինի՝ որքանով է այն օգնում այս վիրուսից ձերբազատմանն՝ առանց օրգանիզմին որևէ վնաս հասցնելու:
- Քանի որ հիվանդության սկզբնական փուլում ախտանշանները նմանություն ունեն մյուս վիրուսների ախտանշաններին, ինչո՞վ է տարբերվում ու ինչո՞ւ է առավել վտանգավոր դառնում կորոնավիրուսն, օրինակ, նույն գրիպի վիրուսից:
- Սա գրիպի վիրուս չի, սա վիրուսների առանձին ընտանիք է: Այն առաջին հերթին տարբերվում է իր կառուցվածքով, ինչից էլ կախված է հակամարմինների առաջացումը: Չէ՞ որ կառուցվածքը վիրուսի հակածնային հատկությունների մասին է խոսում: Կորոնայի հիմնական թիրախը շնչառական ուղիներն են, ու երբ արդեն ազդեցությունը թոքերին է հասնում՝ ծանր դեպքեր ենք ունենում:
- Հաճախ է խոսվում այն մասին, որ եթե վարակակիրը երիտասարդ է ու չունի ուղեկցող հիվանդություններ, ապա կլինիկական ծանր վիճակում չի հայտնվի, վիրուսն ազդեցություն չի ունենա:
- Վիրուսը բոլորի վրա էլ կարող է տարածվել, ազդել, ուղղակի երբ օրգանիզմն այլ խրոնիկ հիվանդություններ էլ ունի՝ շաքարային դիաբետ, ուռուցքային հիվանդություններ և այլն, վիճակը բարդանում է :
- Որքա՞ն է հավանականությունը, որ կորոնավիրուսը կդառնա կայուն վարակ:
- Հնարավոր է, որ այն ժամանակի ընթացքում դառնա սեզոնային վարակ, ինչպես գրիպն է: Պանդեմիայի ընթացքում վիրուսով միլիոնավոր մարդիկ են հիվանդանում ու նրանց մոտ տվյալ վիրուսի նկատմամբ իմունիտետ է առաջանում: Հետո այդ վիրուսն ամեն տարի կարող է տալ սեզոնային բարձրացումներ, բայց դա արդեն պանդեմիա չէ: Բոլոր նրանք, ովքեր դրա նկատմամբ իմունիտետ չունեն՝ այսինքն, չեն հիվանդացել այդ վիրուսով, կարող են սեզոնային բարձրացումների ժամանակ հիվանդանալ:
- Գրիպի պես կորոնավիրո՞ւսն էլ կրկնվելու հատկություն ունի: Որքան գիտեմ՝ Չինաստանում նման դեպքեր գրանցվել են:
- Այո, բայց դա մեծ թիվ չի կազմել, 100-150 մարդ: Շատ մեծ հարց է՝ դա իսկապե՞ս կրկնություն էր, թե՞ այդ մարդիկ թերի բուժված են եղել ու դուրս գրվելուց հետո բարդացումներ են ունեցել:
- Պարոն Համբարձումյան, ցանկացած հիվանդություն մարդու օրգանիզմի վրա որևէ հետք թողնում է: Հետաքրքիր է, կորոնավիրուսից բուժված մարդու օրգանիզմի վրա ի՞նչ հետևանքներ է թողնում հիվանդությունը:
- Եթե թոքաբորբ է զարգացած լինում, իհարկե, թոքերում փոփոխություններ կարող են լինել: Բայց թեթև դեպքերում մեծ փոփոխություններ չեն լինում, մարդը լիարժեք կարող է բուժվել:
- Օդի ջերմաստիճանը որքանո՞վ է ազդում հիվանդության տարածմանը, վիրուսի ինտենսիվությունը տաք եղանակին որքանո՞վ կարող է թուլանալ:
- Ցածր ջերմաստիճաններ դեպքում՝ (օրինակ՝ +4-ից +8) հիվանդության փոխանցումն առավել անարգել է տեղի ունենում, իսկ երբ ջերմաստիճանը բարձրանում է, արևի ուղիղ, ուլտրամանուշակագույն ճառագայթները վիրուսը շուտ ոչնչացնում են: Եթե ցածր ջերմաստիճանում թքի կաթիլի հետ որևէ մակերեսի վրա կարող է 3 օր դիմանալ, արևի դեպքում 2-3 ժամից ոչնչանում է:
- Կցանկանայի անդրադառնանք նաև դիմակներ կրելու հարցին. շատերի համար մինչ այսօր անորոշ է՝ ովքե՞ր ու որտեղ պետք է կրեն դիմակներ: Արդյոք դրսում քայլելիս դիմակն անհրաժեշտ ատրիբուտ է:
- Փողոցում դիմակ կրելը պարտադիր չի: Այն պարտադիր պետք է կրել չօդափոխվող, փակ տարածքներում, եթե կան մարդկանց կուտակումներ: Օրինակ՝ օֆիսներում, խանութներում և այլն: Այն պարտադիր նաև պետք է կրեն հիվանդ մարդիկ, որպեսզի չվարակեն շրջապատին: Բնականաբար, հիվանդին խնամողը կամ նրա հետ պարբերաբար շփում ունեցողը ևս պետք է դիմակով լինի…
- Հավանաբար, այս ամենի մեջ նաև հոգեբանական խուճապ կա. ի վերջո, գրիպի վիրուսն էլ փոխանցվող է, բայց մինչև այսօր երբեք չենք մտածել, որ դրսում քայլելիս պետք է դիմակ կրել, որպեսզի 10 մետր հեռավորությամբ քայլող գրիպով հիվանդ մարդու վիրուսը չփոխնցվի մեզ…
- Այո, սխալ մոտեցում է փողոցում դիմակով շրջելը: Հենց այս կորոնավիրուսի ժամանակ ստեղծվեց «սոցիալական հեռավորություն» տերմինը: Այս վիրուսն իր չափսերով մյուս վիրուսներից մեծ է, ու թքի կաթիլների հետ վայր է ընկնում: Երկար հեռավարության վրա չի կարող փոխանցվել, մեկ մետրից այնկողմ չի անցնում:
- Բժիշկ, ըստ Ձեզ, ե՞րբ այս ամենը մեր երկրում իր հանգուցալուծմանը կհասնի, ու մարդիկ հնարավորություն կունենան անցնել կյանքի բնականոն ռիթմին:
- Սովորաբար, պանդեմիաները շատ շուտ չեն ավարտվում: Օրինակ՝ նախորդ դարում գրիպի 3 պանդեմիա ունեցանք, որոնք տևեցին 1,5-2 տարի: Մյուս կողմից՝ այս կորոնավիրուսի առաջին, էպիդեմիկ բռնկումը եղավ 2002 թվականին (Սարսի վիրուս), բայց կարճ տևեց, վիրուսը շուտ անհետացավ: Հիմա դժվար է ասել՝ որքան կտևի, քանի որ այդ վիրուսի հատկություններին մինչև վերջ ծանոթ չենք: Պետք է հույսով լինենք, որ այն շուտ կնահանջի, հատկապես, եթե կարողանան վակցինաները շուտ ներդնել: