02/04/2020 12:56
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատունն ու պոլիկլինիկան կշարունակեն բնականոն աշխատելը. Նախարար
Ապրիլի 1-ի ընթացքում իրականցվել է կորոնավիրուսի 328 թեստավորում, որից 92 դրական արդյունք է ցույց տվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրանց կեսից ավելին մեզ ի սկզբանե հայտնի անձինքն են, որոնք եղել են կամ մեկուսարանում, կամ ինքնամեկուցման վայրում, կամ շփման մեջ նախկինում հաստատված դեպքերի հետ։ Կան նաև նոր օջախներ, հատկապես բերովի՝ դրսից մեր հայրենակիցների միջոցով, որոնք,մեր կարծիքով, բավական վաղ են հայտնաբերվել։ Նրանց շփման շրջանակը, թեև հիմա պարզվում է, սակայն, մեր կարծիքով, այդքան էլ լայն չէ», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ 16 հյուրանոցային համալիր և հանգստյան տներում քաղաքացիներ են, որոնց մի մասը դրական, բայց թեթև ընթացք ունեցող հիվանդությամբ են, մյուս մասը ուղղակի կոնտակտավորներ են։
Նախարարը նշեց, որ 9 բժշկական կենտրոն ամբողջությամբ ներգրավված է հիվանդության դեմ պայքարի գործում, որից ամենամեծը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», այսօր կամ վաղը իր վրա կվերցնի ամենամեծ բեռը։
Թորոսյանը նկատեց, որ այս դեպքում խոսքը միայն ստացիոնար մասնաշենքին է վերաբերում, իսկ ԲԿ-ի ծննդատունն ու պոլիկլինիկան կշարունակեն բնականոն աշխատանքները, քանի որ հեռու են գտնվում կենտրոնական մասնաշենքինց և այնտեղ վարակի տարածման վտանգ չկա։