02/04/2020 18:04
Կառավարության կողմից տրամադրվող աջակցությունն այն ծավալների չէ, որ կարողանա չեզոքացնել տնտեսական աղետի հետևանքները. տնտեսագետ
Կորոնավիրուսի հետևանքով տնտեսական անկում է սպասվում ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսությունում, և եթե մարտի սկզբներին կանխատեսում էինք, որ ընդամենը մի քանի տոկոսով ցածր տնտեսական աճ կունենանք, հաշվի առնելով պրոցեսների երկարաձգվելը՝ գնահատականները հուսադրող չեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«2020 թվականին համաշխարհային տնտեսությունն անկում է ապրելու, աշխարհի մակարդակով ավելի փոքր ՀՆԱ ենք ունենալու, քան ունեցել ենք 2019 թվականին: Այս իրավիճակը բավականին մոտ է 2008-2009 թթ. Ֆինանսատնտեսական ճգնաժամին: Հայաստանի համար տնտեսական ճգնաժամի հետևանքները շատ ավելի ցավոտ են լինելու: Պատճառն այն է, որ մեր երկիրը փոքր է և ավելի թույլ՝ դիմակայելու նման տատանումներին: Իրականում պատրաստված էլ չէինք դիմակայելու նման անսպասելի գործընթացներին, նման տնտեսական աղետին», - նշեց տնտեսագետը:
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ որքան էլ չցանկանանք հոռետեսական կանխատեսումներ անել, անհրաժեշտ է իրավիճակին ռեալ գնահատական տալ: Սա կարևոր է ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Հարցին՝ կառավարության կողմից բավարա՞ր քայլեր են իրականացվում՝ հնարավորինս մեղմելու տնտեսական աղետի հետևանքները, մեր զրուցակիցը նկատեց.
«Կառավարության կողմից, անշուշտ, որոշակի քայլեր ձեռնարկվում են, սակայն դրանք բավարար չեն: Վերջին օրերին փաստացի ութ միջոցառում է առանձնացվել՝ չորսն ուղղված ֆիզիկական անձանց, մյուս չորսը՝ բիզնեսին: Սակայն, եթե անկեղծ լինենք, բիզնեսին և ֆիզիկական անձանց տրմադրվող աջակցությունն այն ծավալների չէ, որ կարողանա չեզոքացնել տնտեսական աղետի հետևանքները: Կառավարության ցուցաբերած աջակցությունը կարող է բավարարել ընդամենը մարդկանց գոյատևելուն, շատ մինիմալ կենսական կարիքներ հոգալուն:
Իհարկե, եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, շատ ավելի վատ կլիներ, սակայն մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ այս ծրագրերն իրավիճակն արմատապես փոխելու են և կանգնեցնելու տնտեության գահավիժումը»: