03/04/2020 13:31
Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»:
Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին:
Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները և նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը: