03/04/2020 16:40
Հայաստանը ռուսական ընկերության հետ որևէ բանակցություն չի վարում՝ կորոնավիրուսի դեմ փորձարկվող «Տրիազավիրին» դեղամիջոցը ներկրելու հարցով
Այս պահի դրությամբ Հայաստանում որևէ պետական մարմին ռուսական «Մեդսինթեզ» ընկերության հետ բանակցություն չի վարում՝ կորոնավիրուսի դեմ փորձարկման փուլում գտնվող «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակ ներկրելու հարցով:
Aysor.am-ի թղթակիցը թեմայի շուրջ նախ զրուցեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, ով տեղեկացրեց, որ տվյալ դեղորայքը ՌԴ-ից Հայաստան ներկրելու շուրջ նախարարությունը որևէ բանակցություն չի վարում:
Նա խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել պարետատնից, գուցե, այնտեղ որևէ ինֆորմացիա ունենան:
Պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը մեզ հետ զրւոյցում տեղեկացրեց, որ պարետատունը ևս նման բանակցություններ չի վարում ռուսական կողմի հետ:
«Այս պահի դրությամբ մեր կողմից որևէ բան չկա այս մասով: Սպասում եմ, որ ԱԳՆ-ն ինչ-որ մի բան կասի», - նշեց նա:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը հայտարարել էր՝ դեղամիջոցը Հայաստանին մատակարարելու վերաբերյալ ներկայումս բանակցություններ են ընթանում: