03/04/2020 15:39
Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին. ՊՆ
Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները՝ սահմանին տիրող իրավիճակի մասին, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը.
«Ադրբեջանի Հանրապետության Պետական սահմանապահ ծառայությունն (ԱՀ ՊՍԾ) ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։
Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։
Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։ ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի», - նշել է Շուշան Ստեփանյանը: