03/04/2020 12:02
Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր. Foreign Policy
Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր, գրում է ամերիկյան «Foreign Policy»-ն՝ պատմելով այն երկրների մասին, որոնք հասել են որոշակի արդյունքների՝ այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու հարցում:
«Թայվանի, Կանադայի, Հարավային Կորեայի, Վրաստանի և Իսլանդիայի օրինակները ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հնարավոր է դադարեցնել», - ասվում է հոդվածում:
Հեղինակները նշում են, որ որոշ երկրների հաջողությունները բավականին անսպասելի էին, գրում է «Sputnik-Վրաստան»-ը:
«Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը փոքր երկիր է մի տնտեսությամբ, որը ծանր վիճակում է, այն սկսել է լուրջ միջոցներ ձեռնարկել դեռ փետրվարի վերջից, ներառյալ` դպրոցների փակումը և ախտորոշման թեստերի անցկացումը», - ասվում է հոդվածում:
Այս երկրում դեռ ոչ ոք չի մահացել կորոնավիրուսից:
Կառավարական stopcov.ge կայքում հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում COVID-19 ախտորոշվել է 148 մարդու մոտ, ապաքինվել է 26 հիվանդ: Կարանտինում կա 5550 մարդ, հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է 281 մարդ:
Կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված, Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել և կարանտին մտցվել ամբողջ երկրում: Մարտի 31-ից ժամը 21:00-ից 06:00-ը գործում է պարետային ժամ:
Հասարակական տրանսպորտի, ներառյալ մետրոյի, աշխատանքն ամբողջովին դադարեցված է: Բոլոր քաղաքների մուտքերի և ելքերի մոտ տեղակայված են ճանապարհային անցակետեր՝ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու համար: