03/04/2020 21:11
Ծնվել է Արման Նշանյանի առաջնեկը. փոքրիկը կրում է տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանի անունը
Մարտի 30-ի լուսադեմին Երևանի Էրեբունի հիվանդանոցում լույս աշխարհ է եկել դերասան Արման Նշանյանի դուստրը: Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը տեղեկացրեց՝ 3 կիլոգրամ 300 գրամ քաշով և 49 սմ հասակով փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում:
Ամուսինների առաջնեկը կրում է հայրական տատիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շաքե Թուխմանյանի անունը: Դա Արմանի կնոջ՝ Վիկայի ընտրությունն է:
«Կինս շատ է հավանում այդ անունը: Մայրս վաղուց էր տեղեկացել, որ թոռնուհին իր անունն է կրելու, ու իրեն շա՜տ շոյված է զգում: Տրամադրությունն էլ բարձր է», - նշեց մեր զրուցակիցը:
Ապագա փոքրիկի սեռը ծնողները նախապես են իմացել: Դերասանը խոստովանում է՝ ինքն այն հայրիկներից է, ով երազել է դստրիկ ունենալու մասին: Նկատում է՝ այն դերը, որն այս կյանքում կնոջն է վերապահված, ամենաբարդն է: Ամեն դեպքում, իր ընտանիքի կանայք՝ տատիկը, մայրն ու կինը, միշտ իրենց տղամարդկանց հաջողության գրավականն են եղել:
«Ամենալավ տղամարդուն անգամ կինն է աշխարհ բերում ու մեծացնում, հաջողակ ու կայացած տղամարդկանց կողքին էլ հիմնականում ամուր ու խելացի կանայք են լինում: Նրանք մեզ թիկունք են կանգնում, ճիշտ խորհուրդներ տալիս: Իմ կյանքում էլ է այդպես. մինչև կնոջս «գտնելն» ինձ հոգեպես կայացած չէի համարում: Նույնն էլ հայրիկիս համար կասեմ. իմ աչքի առջև է ծնողներիս օրինակը, թե ինչպես է մայրս հայրիկիս համար ամուր մեջք եղել, ինչ կայուն ու հրաշալի կին էր տատիկս: Եթե հարաբերությունների արմատը սերն է, ապա ցանկացած կին այս կյանքում իր ճանապարհը դեռ չգտած տղամարդուն կարող է ճիշտ հունի մեջ գցել, նրա կյանքում իսկական «հեղաշրջում» անել», - վստահեցրեց նա:
Արման Նշանյանի խոսքով՝ փոքրիկին ոչ թե միայն պետք է սովորեցնել, այլ նաև՝ նրանից սովորել: Ու ինքն առաջնահերթ իրեն ընձեռված հենց այդ հնարավորությունն է օգտագործելու:
«Ես պատրաստվում եմ իմ երեխայից շատ բան սովորել: Իսկ երբ ինքը պատանեկություն թևակոխի, կցանկանամ իրեն փոխանցել ընտանիքի՝ իմ կարծիքով ճիշտ կառուցվածքի տեսակը: Նա պետք է տեսնի կնոջ և տղամարդու փոխաբերվելու ճիշտ ձևը, հարաբերությունների տոկունությունն ու մաքրությունը, ներդաշնակությունն ու համերաշխությունը: Ամուր աղջիկ ունենալու միտքն ինձ շատ է գերում: Իսկ կնոջ ամրությունն ինձ համար նրա կանացիությունն է, խելքը, մտածելակերպը: Այնպես որ, մենք իրար սովորեցնելու շատ բան ունենք: Եթե տեսակով իր մայրիկին նման լինի, ապա կարծում եմ՝ հրաշալի ընկեր ու հենարան կլինի իր ընտրած տղամարդու համար», - նկատեց դերասանը:
Թեև կրտսեր Շաքեն ընդամենը 3 օրական է, սակայն նորաթուխ հայրիկի խոսքերով՝ «խարակտեր» ունի: Ի տարբերություն նորածինների՝ ոչ այնքան հստակ հայացքի, Շաքեն ուշադիր է ուսումնասիրում շրջապատը, կենտրոնացած հայացքով է նայում:
«Դեռևս հղիության շրջանում ես ու կինս նրա համար հատուկ ականջակալներով, որոնք հղիների փորին են միանում, երաժշտություն էինք միացնում: Նա դասական, օպերային ու ջազային երաժշտություն էր «լսում»: Հիմա էլ, քնելու ժամանակ իր օրորոցի կողքին ցածր ձայնով նույն երաժշտությունն ենք միացնում, ու հավատացեք՝ հանգիստ ու հաճույքով քնում է», - ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով փոքրիկին խնամելու հարցին ու քառասնօրյա ավանդույթին՝ Արման Նշանյանը նկատեց՝ կորոնավիրուսի հետ կապված կարանտինով պայմանավորված՝ այս ընթացքում տանը կմնա, կնոջ հետ կխնամի փոքրիկին ու կվայելի նրա ջերմ ներկայությունը:
«Ընդհանրապես ես կարծում եմ, որ երեխայի ծնվելու առաջին շրջանում՝ 40, 50 օր պետք է ահմանափակել նրա մոտ ելումուտը: Եթե այս վիրուսը չլիներ, երևի ես երեխային տուն բերելուց մեկ օր անց նկարահանումների կգնայի, ու իմ աշխատանքային ակտիվ գործունեությամբ կզբաղվեի՝ կորցնելով փոքրիկիս կյանքի առաջին ամիսները տեսնելու հնարավորությունը: Փաստորեն, չկա չարիք՝ առանց բարիք: Ես, կինս, երեխաս ու մեր շունիկը կմնանք մեր փոքրիկ աշխարհում: Մեր ծնողներն էլ, բնականաբար, մեզ հաճախ կհյուրընկալվեն: Այդքանով կսահմանափակվենք: Այսպես ավելի ճիշտ է, պետք է Կառավարության կողքին լինենք, հրահանգները կատարենք, որպեսզի կարողանանք հաղթահարել ու կանխել չարիքը», - եզրափակեց Արման Նշանյանը:
Շաքե Արմանի Նշանյանին ծնողները նպատակ ունեն Տաթևի վանքում մկրտել՝ հայր Միքայելի օրհնությամբ: Հավանական ժամկետն աշունն է, սակայն, ինչպես ասում են, Աստված առաջ:
Aysor.am-ը ծնողներ դառնալու կապակցությամբ շնորհավորում է Արման Նշանյանին և կնոջը, փոքրիկ Շաքեին էլ մաղթում ենք անհոգ, առողջ ու երջանիկ տարիներ: