03/04/2020 16:54
Օպերատորները պնդում են՝ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը․ ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը․ Մարուքյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքան էջում ներկայացրել է ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո Հայաստանում գործող երեք օպերատորներին ուղարկված հարցման պատասխանները․
«Անհարմար բան ստացվեց.
Մեր գործընկերներն ԱԺ-ում պնդում էին, որ հեռախոսով տեղորոշելու մասին օրենքը միայն նրա համար է, որ հեռախոսով տեղորոշեն մարդկանց գտնվելու վայրը և շփման շրջանակը վերջին 14 օրերի ընթացքում:
ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հարցեր է ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորներին և ստացել պատասխաններ, որոնց համաձայն օպերատորները պնդում են՝ անհնար է հեռախոսներով նման ճշգրտությամբ տեղորոշելը: Հիմա հարց է առաջանում՝ այդ դեպքում, ի՞նչ նպատակով ընդունվեց աղմկահարույց օրենքը: Կից տեղադրում եմ հարցման և պատասխանների նկարները», - գրել է նա: