04/04/2020 16:31
«Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան. անցակետը փակ է. ՀՀ ԱԳՆ
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան, Aysor.am-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վերջին 30 րոպեի տվյալներով, «Վերին Լարս» անցակետում ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան», - ասաց նա։
Նա ընդգծեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, քանի որ «Վերին Լարս» անցակետը փակ է մարտի 18-ից, և բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։
Ավելի վաղ Aysor.am-ին է ահազանգել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն, տեղեկացնելով, որ ստեղծված իրավիճակում իր ազգականների մի մասը ավտոբուսներով է փորձում վերադառնալ Հայաստան, նրանք էլ մի քանի օր է՝ Լարսի անցակետում են կանգնած։
Խնդրի մանրամասները և Ռուսաստանում մնացած քաղաքացիներին վերադարձնելու համար ձեռնարկվող քայլերը պարզելու համար Aysor.am-ը դիմել է ՀՀ պարետատուն։
Թեմային առնչվող նախորդող մանրամասներին ծանոթացեք այստեղ.
«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)
ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները՝ իրադրությունը ճշգրիտ գնահատելու համար. Նաղդալյան