06/04/2020 16:58
COVID-19 վարակի արտցոլումն ադրբեջանական հասարակությունում և բանակում
Ինչպես ավելի վաղ նշել էր fmgnews.info լրատվական կայքը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, Ադրբեջանում տիրում է ծանր իրավիճակ: Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները չեն հրապարակում վարակվածների իրական թվաքանակը, ինչը շատ ավելին է, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններով:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածներին և մեկուսացման ենթակա անձանց բռնի կերպով «լցնում են» նկուղները: Շատ ադրբեջանցիների մոտ խուճապային տրամադրություններ են: Բաքվի փողոցներում ոստիկանները պարեկում են ռետինե մահակներով, նրանք ֆիզիկական ուժ են կիրառում կարանտինի ռեժիմը խախտողների նկատմամբ:
Ադրբեջանական ընդդիմադիրները սոցիալական կայքերում հայտնում են օտարերկրացիների և էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ադրբեջանցիների խտրականության դեպքերի մասին, քանի որ նրանց համարում են «վարակի տարածողներ»: Ի հայտ են եկել նաև խուճապի այլ դրսևորումներ:
Զինվորականներին, բժիշկներին, բուժքույրերին, ովքեր բնակարան են վարձում, վարձատուները վտարում են այն մտավախությունների պատճառով, որ նրանք կարող են վարակված լինել COVID-19-ով:
Ծայրահեղ անվերահսկելի է COVID-19 վիրուսի տարածումը հատկապես սոցիալապես անապահով ադրբեջանցիների շրջանում, որոնց մեծ մասը բնակվում են ժամանակավոր կացարաններում՝ առանց հիգիենայի կանոնների տարրական պահպանման հնարավորությունների:
Ժամանակավոր կացարաններում չկա սանհանգույց և հոսող ջուր: Ջուրը բերվում է գումարով, ցիստեռններով, շաբաթը մեկ անգամ:
Ադրբեջանի քաղաքացիական շրջանում տիրող COVID-19 վիրուսի անվերահսկելի իրավիճակը չի տարբերվում զինված ուժերում տիրող բարձիթողի իրավիճակից: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում վարակակիրների աննախադեպ քանակի պատճառով հրամանատարությունը չի կարողանում իրականացնել մարտական դիրքերում անձնակազմի հերթափոխում:
Որոշ զորամասերի անձնակազմը դուրս է բերվել մշտական տեղակայման վայրերից և տեղավորվել վրանային ավաններում:
Ապահովման և սպասարկման ստորաբաժանումների անձնակազմի սակավաթվության հետ կապված թերի է իրականացվում վրանային պայմաններում գտնվող զինծառայողների թիկունքային ապահովումը:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ զինված ուժերի վրանային ավաններից մեկում մահացել է COVID-19 վիրուսով վարակված, կոչումով մայոր զինծառայող:
Նաև հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը COVID-19 վարակի դեմ պայքարի օգնության ֆոնդի համար հարկադրաբար իրականացնում է զինծառայողների աշխատավարձից 10%-ի չափով պահումներ: