06/04/2020 13:48
Վարչապետն էմոցիոնալ է արտահայտվել, սակայն հիվանդացության դեպքերի նվազումը չպետք է ավելորդ ոգևորություն առաջացնի. Սերգեյ Բագրատյան
Իհարկե, ուրախալի է, որ կորոնավիրուսով նոր վարակված ընդամենը 11 հիվանդ ունենք, բայց դինամիկային պետք է հետևել նաև վաղը և հաջորդող մյուս օրերին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում հայտնած այն մտքին, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի մտածել ռեժիմների թուլացման և բնականոն կյանքին վերադառնալու մասին:
«Եթե կունենանք ավարտուն փուլ, այսինքն՝ հիվանդությունների նոր դեպքեր չեն գրանցվի, միայն դրանից 4-5 օր հետո կարելի է մտածել կյանքն աստիճանաբար բնականոն հուն վերադարձնելու մասին: Այսօրվա 11 դեպքն ուրախալի լուր է, սակայն սա չպետք է ավելորդ ոգևորություն առաջացնի: Պետք է ուշադիր լինել: Հավանաբար վարչապետն ուրախությունը փորձել է կիսել: Դա հասկանալի է. նա էմոցիոնալ է արտահայտվել, տա Աստված, որ նրա լավատեսությունն իրականություն դառնա:
Սակայն, կրկնում եմ, ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինել, որովհետև աշխարհում հիվանդացության տեմպերը մեկ իջնում, մեկ բարձրանում են: Պետք է չշտապենք, որպեսզի շտապելուց սխալ թույլ չտանք», - ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով կորոնավրուսի՝ տնտեսությանը հասցրած վնասներին, պատգամավորը նկատեց.
«Բնականաբար, կուզենք, որ տնտեսությունն օր առաջ վերականգնվի, բայց նաև խնդիր ունենք: Դիլեման ո՞րն է. առողջապահություն և տնտեսություն, այսինքն՝ եթե մենք ուշաիր չլինենք առողջապահությանը, կորուստներ կունենանք տնտեսությունում և հակառակը: Տնտեսությունում խնդիրներ ուեննալով՝ չենք կարողանա ֆինասավորել առողջապահական ոլորտը: Այս դիլեման պետք է կարողանալ զուգահեռ լուծել», - նշեց Սերգեյ Բագրատյանը՝ կրկին շեշտելով, որ տնտեսական կոլլապսը կարող է բերել առողջապահական կռախի: