06/04/2020 18:55
Արցախն Ադրբեջանին կոչ է անում հրաժարվել սադրիչ գործողություններից
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին.
«2020 թվականի ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի հետևանքով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։
Մտահոգիչ է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման ժամանակավոր դադարեցման ֆոնին և այն պայմաններում, երբ ողջ աշխարհը պայքարում է նոր տիպի կորոնավիրուսի (COVID19) համավարակի դեմ:
Ադրբեջանի իշխանությունները նման սադրանքներով բացահայտ արհամարհանք են ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ամբողջ աշխարհում հրադադարի ապահովման կոչին՝ ողջ մարդկության ջանքերն ուղղելու գլոբալ մարտահրավերի՝ կորոնավիրուսի հաղթահարմանը, ինչպես նաև անտեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կողմերին ուղղված կոչերը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը և զերծ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս բարդ ժամանակաշրջանում բարձրացնել լարվածության մակարդակը։
Բաքվի ապակառուցողական վարքագիծը դարձավ ադրբեջանական իշխանությունների անպատասխանատվության և ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա ամենախիստ գնահատականի և դատապարտման:
Վերահաստատելով իր հանձնառությունը՝ հարգելու հրադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի՝ ողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին՝ Արցախի Հանրապետությունը համառորեն կոչ է անում Ադրբեջանին իրականացնել ստանձնած պարտավորությունները և հրաժարվել սադրիչ գործողություններից:
Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն», - ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ: