06/04/2020 15:18
Արարատի մարզում կա 173 վարակակիր, սակայն դեպքերի նվազման տենդենց կա. Մարզպետ
Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Սակայն, ի ուրախություն բոլորիս՝, նշեմ, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։
Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին։
Առողջ եղեք», - գրել է մարզպետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում հաստատվել է 833 կորոնավիրուսի դեպք: