06/04/2020 14:30
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Իսկ ապրիլի 2-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։
ՀՀ Էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի համաձայն, ՀԾԿՀ-ն հայտը ստանալուց հետո այն ուսումնասիրում է 80 աշխատանքային օրվա ընթացքում։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Փաշինյանն ու Պուտինն այսօր նաև տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնաձորի հետ արդյունավետ համագործակցության համար:
Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը: