06/04/2020 16:19
Կախված վիճակագրությունից՝ միանշանակ կարելի է քննարկել որոշակի մեղմացումներ մտցնելու հարցը. Նարեկ Զեյնալյան
Եթե պարետատան պահանջներն ու հորդորներն ազգաբնակչության կողմից խստագույնս պահպանվեն, կարծում եմ՝ կարելի է խոսել վիրուսի կանխարգելման միջոցառումների որոշակի թուլացման մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության բժիշկ-պատգամավոր Նարեկ Զեյնալյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում հայտնած այն մտքին, որ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից հնարավոր կլինի մտածել ռեժիմների թուլացման և բնականոն կյանքին վերադառնալու մասին:
«Սակայն բնակչությունը պետք է խստագույնս պահպանի կանխարգելման, չշփվելու, տնից խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալու կանոնները: Պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, որովհետև սա ոչ միայն առողջապահական խնդիր է, այլև սոցիալական և տնտեսական: Գործողություններն ըստ այդմ պետք է պլանավորել և կիրառել: Այս դեպքում, կախված վիճակագրությունից, միանշանակ կարելի է քննարկել որոշակի մեղմացումներ մտցնելու հարցը», - ասաց Նարեկ Զեյնալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսից 68-ամյա քաղաքացի է մահացել. սա արդեն 8-րդ մահվան դեպքն է Հայաստանում:
Ապրիլի 6-ի դրությամբ, մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 833 է, ապաքինվել է 62, փաստացի բուժում է ստանում 736 քաղաքացի: