06/04/2020 22:21
Խնդիրը Աֆրիկայում աշխատելը չէ. Ավիացիայի ոլորտում իրականությունն այսօր էլ թաքցնում են և Փաշինյանից, և հանրությունից
Քաղաքագետ Արմեն Մինասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Քաղաքացիական ավիացիայի ոլորտում խնդիրների և հայկական երկու ավիաընկերություններին Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքից զրկելու պատճառների մասին։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց, որ Քաղաքացիական ավիացիայի ոլորտում կան խնդիրներ, հայկական ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթ կատարելու իրավունքից։ Ստուգումները, որոնց արդյունքով ի հայտ են եկել խախտումներ, կատարել են Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության մասնագետները։
«Փաշինյանն ասաց, որ այո՝ մեր ավիաընկերություններն արգելքի տակ են ընկել։ Վարչապետը նաև ասաց, որ Եվրոպան առաջ է ընկել ու մայիսի նիստում նախատեսված որոշումն արդեն իսկ ընդունել է, ու արգելքը այլևս փաստ է։ Պատճառների մասով վարչապետը երկու բան ասաց՝ նախկիններն են մեղավոր, ու սաբոտաժնիկները, ովքեր Տաթևիկ Ռևազյանին անհրաժեշտ կերպով չեն զեկուցել խնդիրները; Այսպես ասած՝ թաքցրել են։
Ինչպես երևում է՝ իրականությունն այսօր էլ թաքցնում են և ձեզանից, և մեզանից՝ հանրությունից։
Իսկ իրականությունն այն է, որ 2019-ի նոյեմբերին Բրյուսելում կայացել է հանդիպում, որին Տաթևիկ Ռևազյանը պետք է մասնակցեր «Տարոն ավիա»-ի հետ։ Սակայն նա մեկնել է, Բրյուսել ու հայտնել, որ «Տարոն ավիան» չի եկել, որովհետև ինքը զրկել է նրանց օդանավ շահագործելու արտոնագրից (այսինքն՝ ՔԱԿ-ում խնդիրը լավ էլ իմացել են, ուղղակի փորձել են հարցը լուծել գեղական կարգով՝ չկա «Տարոն ավիա», չկա խնդիր ֆորմուլայով)։ Չի ստացվել։
Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 9-ին դեղին քարտ են ստացել։
Փետրվարին լրացուցիչ ուսումնասիրություններ պետք է կայանային։ Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցը, դասեր չքաղելով առաջին բացթողումից, փետրվարի 1-ին օդանավ շահագործողի արտոնագրից զրկել է Աֆրիկայում աշխատող մեկ այլ ավիաընկերության՝ «Մարս ավիա»-ին։ Բայց ինչպես հասկանում ենք, այս դեպքում ևս չի աշխատել, ու մենք կարմիր քարտ ենք ստացել։
Ես ներկա չեմ եղել քննարկումներին, բայց ենթադրում եմ, որ եվրոպացիները ասած կլինեն՝ ժողովուրդ ջան, խնդիրը Աֆրիկայում աշխատելը չի, խնդիրն այն է, որ դուք ի վիճակի չեք հսկել ձեր ավիաընկերությունների պարկում եղած օդանավերի անվտանգությունը, կարողություն չունեք։
Այնպես որ՝ սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել, ու երևի ճիշտ կլինի սաբոտաժնիկներին մի քիչ բարձր էշելոններում փնտրեք», - գրել է Արմեն Մինասյանը Facebook-ի իր էջում։