06/04/2020 18:51
Մայր Աթոռը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցի և ստանալ Սուրբ Հաղորդություն
Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ Մայր Աթոռը տեղեկացնում է, որ առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից թելադրություն է արվել սփյուռքի թեմերի առաջնորդներին գործել ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։ Հոգևոր հովիվներն առողջապահական բոլոր կանոնների գործադրությամբ կշարունակեն հասանելի միջոցներով իրենց հոգեխնամ առաքելությունն իրականացնել՝ ի մխիթարություն մեր հավատավոր ժողովրդի։