07/04/2020 14:23
«Ավրորայի» #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի առողջապահության նախարարությանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը 120.000 ԱՄՆ դոլար է փոխանցել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով:
«Սա իսկապես լուրջ աջակցություն է և մարդասիրական քայլ «Ավրորայի» կողմից: Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք: Ինչևէ, չպետք է թերագնահատել անհրաժեշտ սարքավորումների կարևորությունը, և այս համատեքստում մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը», - ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով կորոնավիրուսային հիվանդության բռնկման ու տարածման վերաբերյալ, հաստատելով «Ավրորայի» մտադրությունը՝ աջակցելու համաճարակի դեմ պայքարին, օգնելով աշխարհին հաղթահարել այս ճգնաժամը:
Մասնավորապես՝ նախաձեռնությունը խոստացել էր #AraratChallenge շարժման հանգանակություններն ուղղել Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի օդափոխության սարքեր: Ըստ Նվիրաբերության պայմանագրի՝ ձեռք բերված սարքերից առնվազն մեկը տրամադրվելու է Արցախի հիվանդանոցներից մեկին:
2020թ. մարտի 28-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19 հարցերով հատուկ պատվիրակ Դեյվիդ Նաբարոն և McKinsey & Company Inc. Global ընկերության խորհրդի անդամ Անդրե Անտոնյանը մասնակցեցին կորոնավիրուսային հիվանդության համաշխարհային բռնկմանը նվիրված առցանց հատուկ քննարկմանը, որը կազմակերպել էր «Ֆյուչըրս ստուդիո» քննարկումների հարթակը:
Բանախոսները քննարկեցին, թե ինչպես է ներկա համավարակն ազդում կյանքի տարբեր ոլորտների վրա և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել իրավիճակի հնարավոր վերահսկման համար: