07/04/2020 11:03
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Թող ձեր կյանքը լինի գարնանային հիասքանչ օրվա նման՝ պայծառ ու լուսավոր, ծաղկուն ու արեւոտ: Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը:
Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թեւ ու թիկունք: Այսօր էլ նա պատվով է կատարում դարերից եկած այդ վեհ առաքելությունը՝ անմնացորդ ու անձնվիրաբար ծառայելով ընտանիքին ու հայրենիքին, իր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու աղջիկներ, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: