07/04/2020 12:15
2019-ին Հայաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական աջակցությունը կազմել է 65 միլիոն եվրո
2019 թվականին ավարտվել են ԵՄ-ի կողմից 2018 թվականի գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող 36 միլիոն եվրո դրամաշնորհային 2 համաձայնագրերի ստորագրման և հաստատման գործընթացները, ասված է «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում։
«Զգալիորեն աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Մասնավորապես, 2019 թվականին տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող գումարը կազմել է 40 միլիոն եվրո, որին ավելացել է ևս 25 միլիոն եվրո հովանոցային ֆոնդի շրջանակում՝ կազմելով ընդհանուր առմամբ 65 միլիոն եվրո, որը գրեթե երկու անգամ գերազանցում է 2018 թվականի տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը:
Նշված դրամաշնորհային 3 համաձայնագրերն արդեն համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ, քննարկվել են շահագրգիռ կողմերի միջև և առաջիկայում կստորագրվեն: Քննարկվել և նախանշվել են նաև ԵՄ-ի կողմից 2020 թվականի գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվող դրամաշնորհի ուղղությունները, որոնց ընդհանուր գումարը ևս կկազմի առնվազն 65 միլիոն եվրո», - ասված է զեկույցում: