07/04/2020 10:39
Բյուջետային մեծ ծախսեր իրականացնել, որ տնտեսությունը կարողանա շնչել․ ԼՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել
ԼՀԿ-ն մի քանի առաջարկ է ներկայացրել վարչապետին և ԱԺ նախագահին։
«ԼՀ խմբակցությունը դիմել է ՀՀ վարաչապետին և ԱԺ նախագահությանը, որ հայտնի շատ քննադատված 30 % ֆոնդերը, որոնք նախատեսված են պարգևավճարների համար, դրանք հանվեն բարձաստիճան պաշտոնատար անձանց համար և այս ամբողջ ֆոնդերը՝ խոսքը միլիոնավոր դրամների մասին է, ուղղվեն կառավարության կողմից ձևավորված և ձևավորվելիք սոցիալական փաթեթներին, որ տանը նստած մեր քաղացիները, ոորնք չեն աշխատում, կամ օրավարձով են աշխատել, կամ Ռուսաստանում են աշխատել ու հիմա չեն կարող մեկնել, այդ գումարներից օգտվեն», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությանն առաջարկվել է բյուջետային մեծ ծախսեր իրականացնել, որպեսզի տնտեսությունը կարողանա շնչել:
«Ըստ էության շատ ծանր իրավիճակում ենք գտնվում, և դեռ տասը օր խիստ կարանտինը պետք է պահպանենք», - ասաց նա։
Մարուքյանն անդրադարձավ նաև խորհրդարանում ընդունված անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագծին։
«Քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը որևէ ազդեցություն չի ունենալու համավարակի դեմ պայքարի առումով», - ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ նախագծի ընդունումը հետընթաց է ժողովրդավարական իմաստով և որևէ կապ չունի մարդկանց կյանքերը փրկելու կամ պաշտպանելու առումով։