07/04/2020 10:09
«Հրապարակ». «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կրքերը հանդարտվել են
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում իրավիճակը լիցքաթափվել է: 2 օր առաջ գրել էինք, որ հիվանդանոցը կորոնավիրուսով հիվանդներին տրամադրելու պարետի որոշումից հետո դժգոհություններ են ծագել բուժանձնակազմում: Նրանց մի մասին կես հաստիք են դարձնում կամ առաջարկում են արձակուրդ գնալ, պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են, բուժանձնակազմը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում։ Ավելին՝ այս թեմայով հրավիրված ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել: Պատճառն այն է, ըստ տնօրեն Հովակիմյանի, որոշ բժիշկներ չեն համաձայնում արտակարգ ռեժիմում աշխատել՝ ինքնամեկուսացում, տուն չգնալ, գիշերել հյուրանոցում և այլն։
Երեկ տեղեկացանք, որ կրքերը կարծես հանդարտվել են. որոշ բուժաշխատողներ, ովքեր համաձայն չեն եղել վտանգավոր պայմաններում աշխատել և արձակուրդի դիմում էին գրել, եկել, հետ են վերցրել դիմումները․ մոտ 40-45 հոգի։ Արձակուրդ գնացել է 30-35 հոգի, ովքեր տանն իրենց խնամքին ծնողներ կամ զավակներ ունեն և չեն կարող օրեր շարունակ բացակայել: ԲԿ-ն արձակուրդ է ուղարկել նաև 60+ աշխատակիցներին և քրոնիկ հիվանդություն ունեցողներին։ ԲԿ-ում երեկվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդ 46 մարդ կար: «Բոլորը շնչում են ինքնուրույն, չկա մարդ, որ արհեստական շնչառությամբ լինի կամ անգիտակից, կամ ծայրահեղ ծանր վիճակում», - ասաց խոսնակը: Բուժսպասարկումն իրականացվում է հիվանդանոցի ուժերով։ «Մեր նախաձեռնությամբ միայն Նորքից մեկ ինֆեկցիոնիստ ենք հրավիրել, ով եկել, խորհրդատվություն է տվել այսօր օրվա առաջին կեսին ու գնացել»»: