07/04/2020 20:21
Ավելի քան 150 հոգու համար հնարավոր է եղել ապահովել Մոսկվա-Երևան անվճար տոմսերով. ԱԳՆ
Ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացի:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով:
«Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին:
Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Մոտ երկու հարյուր ՀՀ քաղաքացի, ովքեր չեն կարողացել մեկնել վերոնշյալ չվերթով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցներում: Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: