07/04/2020 16:01
Պարենի և գյուղմթերքի շուկայի մարտահրավերներին պետական մարմինների արձագանքն ադեկվատ չէ հանրության սպասելիքներին. փորձագետ
Ե՛վ Նիկոլ Փաշինյանի` քաղաքացիների հետ զրույցի ընթացքում անդրադարձը գյուղատնտեսական ոլորտին, և՛ դրանից առաջ Էկոնոմիկայի նախարարի արձագանքը` ապրանքների թանկացման հետևանքով փոխարինիչներ փնտրելու առաջարկով, առնվազն ադեկվատ չեն այս իրավիճակում հանրության սպասելիքներին: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը` մեկնաբանելով առկա իրավիճակում պարենային և գյուղմթերքի շուկայում առկա մարտահրավերների հարցը:
«Մի կողմից Էկոնոմիկայի նախարարն է հորդորում թանկացվող ապրանքների համար փոխարինիչներ գտնել, մյուս կողմից ՏՄՊՊՀ-ն է հայտարարում, թե ապրանքների գները չեն թանկացել, բացառությամբ՝ փոքր լոլիկների կամ նազրվան տեսակի վարունգի` ավելացնելով, որ անկեղծ պիտի լինենք մեզ հետ ու ընդունենք, որ ոչ բոլորն են այս շրջանում դրանք սպառում:
Մինչդեռ մարդկանց տեղաշարժի համատարած սահմանափակումների հայտարարությունից հետո, երբ առաջացան բնական խուճապային գնումներ, նազրվան տեսակի վարունգից զատ թանկացած նաև շատ ու շատ այլ ապրանքներ և ով հասցրեց՝ գերշահույթներ ստացավ: Այս ամենն այն ընթացքում, երբ մեզ առաջարկվում էին փոխարինիչներ, իսկ ՏՄՊՊՀ-ն ընտրել էր 44 անուն ապրանքատեսակ ուսումնասիրությունների համար», - նշեց Լ. Ամիրխանյանը:
Ըստ նրա՝ այս ոլորտներում արձագանքի դանդաղկոտություն կա, ինչի արդյունքում էլ երբեմն այդ արձագանքները հասնում են անլրջության:
Փորձագետն անդրադարձավ նաև այս իրավիճակում գյուղոլորտի խնդիրներին.
«Մոտ ապագայում արդեն իսկ սպասվող ջերմոցային մթերքների իրացվելիության հարցում գյուղատնտեսները պետք է վստահություն ունենան: Կառավարության կողմից գյուղոլորտին առաջարկվող սուբսիդավորվող վարկերը կարող են արդյունավետ լինել` որպես հետճգանաժամային գործիք, բայց այս պահին, գյուղացին ունի նախորդիվ վերցված վարկային պարտավորությունները փոխհատուցելու անհրաժեշտություն, ինչի համար պետք է նախ ապահովել մթերքների այս պահի իրացվելիությունը»:
Փորձագետը լավագույն լուծումներից տեսնում է պետության միջամտությունը վերամշակող արտադրամասերին խրախուսելու քաղաքականության իրականացման շրջանակում որոշ արտոնությունների սահմանման տեսքով` յուրաքանչյուրի կողմից գյուղմթերքի որոշակի քանակի իրացվելիություն ապահովելու երաշխիքի դիմաց:
«Մինչդեռ քաղաքացիների հետ օնլայն զրույցի ժամանակ վարչապետը գյուղմթերքի իրացվելիության խնդրին պատասխանեց ամենաանհավանական ոչ կոմպետենտ տարբերակով. գյուղմթերքները կիրացվեն, քանի որ մարդիկ միշտ սնվելու են: Ու ոչ մի անդրադարձ այն փաստին, որ մարդիկ այս պահին սնվում են շուկայում սպառվող թուրքական ծագման որոշ տեսակի գյուղմթերքներով: Հիմա հարց հայ գյուղատնտեսին՝ որքանո՞վ փարատեցին միշտ սնվելու կարիքի մասին Փաշինյանի խոսքերը», - ամփոփեց Լիլիա Ամիրխանյանը: