08/04/2020 11:56
Ռուս մասնագետներն առաջին նմուշառումը կիրականացնեն արդեն իսկ կորոնավիրուսով վարակված զինծառայողներից. Շուշան Ստեփանյան
Երեկ Հայաստան ժամանած ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմն աշխատանքները կսկսի այսօր՝ ժամը 14:00-ից, Aysor.am-ի թղթկցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ռուս մասնագետները, հիշեցնենք, Հայաստանում են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով:
«Մասնագետներն աշխատանքները կսկսեն հայկական Զինված ուժերի ստորաբաժանումներից: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան հերթի մեջ է: Այս պահին խորհրդակցություն է ընթանում: Առաջինը, հավանաբար, նմուշառում կիրականացվի այն զինծառայողներից, որոնց մոտ կորոնավիրուսն արդեն իսկ հաստատված է: Կրկնակի թեստեր կարվեն՝ պարզելու՝ արդյոք վերջիններս առողջացել են: Լաբորատորիայի աշխատանքները կծավալվեն այսօր՝ ժամը 14:00-ից:
Լաբորատորիան շարժական է, սակայն տվյալ պահին բացազատվելու է Երևանում: Այնուհետև ընթացքը ցույց կտա՝ որտեղ լաբորատորիան կտեղակայվի: Այն ցանկացած պահի կարող ենք տեղակայել այլ կետում, սակայն այս պահին նման անհրաժեշտություն չկա», - ասաց Շուշան Ստեփանյանը՝ միաժամանակ հավելելով, որ այս պահի դրությամբ որևէ զինծառայողից փորձանմուշ չի վերցվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում: