08/04/2020 13:22
Աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են. Հակոբ Ճաղարյան
Ավիացիայի հարցերով վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով աշխատանքից ազատվելու պատճառներին:
«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:
Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրե եմ`
- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները», - գրել է նա: