08/04/2020 15:54
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից ստացվել են ոչ պարզորոշ պատասխաններ. Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:
Այն զեկուցվել է նախագահ Սարգսյանին:
Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի:
Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից երեկ պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության:
Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդ թվում` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այդուհանդերձ, նախագահ Սերժ Սարգսյանը ո՛չ հանձնաժողովում և ո՛չ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու Ադրբեջանի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին, առավել ևս, որ ռազմական լայնածավալ այդ գործողությունների վերաբերյալ մինչ այժմ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել` ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում բավականին հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին: