08/04/2020 17:28
Եթե այս վիճակը մի փոքր էլ շարունակվի, ՏՏ ոլորտում հետևանքներն անդառնալի կլինեն. Կարեն Վարդանյան
Տնտեսությունը չի աշխատում և պարզ է, որ դրանից տուժում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Եթե մարդիկ չեն աշխատում, բարիք չեն ստեղծում, բնական է, որ տնտեսությունն ամբողջ աշխարհում տնտեսական կոլլապս է ապրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը:
«Եթե այս վիճակը մի փոքր էլ շարունակվի, ապա հետևանքները կարող են անդառնալի լինել: ՏՏ ոլորտի ընկերությունները, մեկ-երկու պայմանագրեր կորցնելուց հետո, որոշ ժամանակ անց կանգնում են լինել-չլինելու խնդրի առջև: Որոշ ընկերությունների համար սա դառնում է ճակատագրական, քանի որ նրանք սառեցնում-հետաձգում են իրենց նախագծերը:
Սրան զուգահեռ՝ կա հակառակ պրոցեսը: Առկա են ընկերություններ, որոնք այս իրավիճակում աշխատակիցների են ընդունում: Դրանք այն ընկերություններն են, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ապահովում են այնպիսի ընկերությունների սերվերների աշխատանքը, ինչպիսիք են Amazon-ն ու Google-ը», - ասաց մեր զրուցակիցը:
Հարցին՝ ի՞նչ պետք է անի պետությունը՝ ՏՏ ոլորտին օգնելու հետ վերադառնալ մեկնարկային դիրքեր, Կարեն Վարդանյանը պատասխանեց՝ պետք է ոլորտում զբաղված մարդկանց թույլ տան աշխատել:
«Մարդիկ պետք է գնան աշխատանքի: Չի կարելի թույլ տալ, որ տնտեսությունը կոլլապսի մեջ հայտնվի: Պարետատունը պետք է մեղմի պայմանները, մարդիկ երկուշաբթի օրվանից պետք է գնան աշխատանքի: Իհարկե, խոցելի խմբերին՝ մեծահասկաներին, քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց, պետք է պահել մշտական ուշադրության կենտորոնում: Նման պայմաններում աշխատելով հնարավոր է ոչ միայն վնասներ չկրել, այլև օգուտներ ունենալ», - ամփոփեց Կարեն Վարդանյանը: