09/04/2020 16:13
ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է ՀՀ 70 քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Վրաստանի տարածքով
Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերութություն է տրվում հատկապես համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը:
Պատասխանելով «Արմենպրեսի» հարցին` ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին:
«ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գնտվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով, ովքեր Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է», - ասել է Նաղդալյանը։