09/04/2020 15:17
Առողջապահության նախարարությունը պնդում է, որ Մոսկվայից թռիչքների ձգձգումը կարանտինային վայրերի հետ կապ չունի, դրանց պակաս չկա
Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ Հայաստանում կան բավարար քանակի կարանտինային վայրեր, որոնցով կարող են ապահովել Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին։
«Մինչև օրս դեպք չի եղել, որ որևէ երկրից դեպի Հայաստան թռիչք լինի, և ժամանողները կարանտինով չապահովվեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Մոսկվայից ՀՀ քաղաքացիների վերադարձի ձգձգումը պայմանավորված է Հայաստանում կարանտինային վայրերի բացակայության հետ:
Հիշեցնենք՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեսանյութ էին հրապարակել, նշելով, որ Հայաստանի ղեկավարությունը չի ուզում՝ իրենք գան Հայաստան, քանի որ այստեղ տեղի խնդիր ունեն։
Հարցին՝ այս պահի դրությամբ քանի՞ մարդու է հնարավոր կարանտինում տեղավորել, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց, որ նախարարությունը նման թվեր չի հրապարակում:
«Ես չունեմ էլ, անկեղծ ասած», - նշեց Ալինա Նիկողոսյանը:
Իսկ քանի՞ հոգի է այս պահին կարանինում տեղավորված, նախարարության մամուլի խոսնակը կրկին նշեց՝ նույնպես թիվ չեն հրապարակում:
«Այս պահին ուղղակի չունենք նման թվեր, քանի որ թիվն անընդհատ փոփոխման է ենթարկվում», - ասաց նա: