09/04/2020 17:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իրեն չի անհանգստացնում Ֆրանսիայի կողմից Իրանին բժշկական սարքավորումների մատակարարման հարցը: Իր դիրքորոշումը նա հայտնել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Նրանք բժշկական պարագանե՞ր են մատակարարում Իրանին: Դա ինձ չի անհանգստացնում», - ասել է Թրամփը:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները վերջին օրերին բազմիցս նշել են, որ պատժամիջոցները չեն տարածվում սննդի, դեղորայքի և բժշկական սարքավորումների մատակարարման վրա:
Միևնույն ժամանակ, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն լրագրող Գայ Բենսոնի հետ հարցազրույցում դեմ էր արտահայտվել Իսլամական հանրապետությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելուն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 6-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Փարիզը, եվրոպական գործընկերների հետ միասին, պատրաստ է շարունակել մարդասիրական համագործակցությունը Թեհրանի հետ: