09/04/2020 16:05
Թաիլանդում կինը բուժվելուց հետո նորից վարակվել է կորոնավիրուսով (РИА Новости)
Թաիլանդի քաղաքացի մի կին բուժվելուց հետո մեկ շաբաթ անց կրկին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում են Չայապհում նահանգի առողջապահության դեպարտամենտից:
Կինը մարտի սկզբին արտերկրից էր վերադարձել Թաիլանդ, մարտի 12-ին նա հիվանդացել էր և Բանգկոկում դիմել բժշկի: Նա կորոնավիրուսի թեստ էր հանձնել, որի պատասխանը դրական էր:
Հիվանդը երկու շաբաթից ավելի անցկացրել էր մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում, ապաքինվել, ապա դուրս գրվել հիվանդանոցից` կորոնավիրուսային թեստի բացասական արդյունքի եռակի հաստատումից հետո:
Մարտի վերջին վերադառնալով հայրենի Չայապհում նահանգ՝ 38-ամյա կինը հարբուխի ախտանիշներով ապրիլի 4-ին կրկին դիմել է բժշկի:
Կորոնավիրուսի համար եռակի թեստը դրական արդյունք է ցույց տվել, նա հոսպիտալացվել է մարզային հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունքում, որտեղ այժմ նա անցնում է կրկնակի բուժում: