09/04/2020 12:37
Հազար հոգի աշխատող կա, հո բոլորն ուզող չե՞ն. մեջները չուզողներ էլ կան. «Ալեքս տեքստիլ»-ի հաշվապահը հերքում է աշխատավարձ չվճարելու մասին լուրերը
Մամուլում շրջանառվող լուրերը, թե «Ալեքս տեքստիլ» ընկերության աշխատակիցները 14-օրյա պարապուրդի դիմաց վճարվել են միայն 4 օրվա համար, իրականությանը չեն համապատասխանում: Դա ապատեղեկատվություն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ալեքս տեքստիլ» ընկերության հաշվապահ Ռազմիկ Սարուխանյանը:
«Մարդիկ վճարվել են 12 օրվա համար, այսինքն՝ իրենց աշխատած օրերի համար՝ պլյուս չեկած օրերի համար՝ օրենքով սահմանված պարապուրդ: Պարապուրդն օրենքը սահմանում է 2/3-ի չափով: Դա ՀՀ աշխատանքային օրենսգրքով է կարգավորվում: Աշխատանքային օրենսգրքով ինչպես կարգավորվում է, օրենքին համապատասխան՝ հաշվարկվել է պարապուրդ», - ասաց նա:
Հարցին՝ եթե ընկերությունն օրենքով սահմանված կարգով կատարել է բոլոր վճարումները, ինչո՞ւ են այդ դեպքում աշխատակիցներն ահազանգում հակառակի մասին, «Ալեքս տեքստիլ»-ի հաշվապահը պատասխանեց.
«Ես չգիտեմ: Կարող է՝ մարդն ունի ԴԱՀԿ: Օրինակ՝ աշխատավարձը կազմեց 50 հազար դրամ, ԴԱՀԿ-ն էլ կազմեց 20 հազար դրամ: Ես 20 հազարը պարտավոր եմ վճարել ԴԱՀԿ-ին: Գործատուն պարտավոր է: Էդ դեպքը կարա լինի, ես չեմ կարող ասեմ՝ խի են ահազանգում», - նշեց Ռազմիկ Սարուխանյանը:
«Մենք միանշանակ կատարել ենք օրենքով սահմանված մեր պարտավորությունները: Հազար հոգի աշխատող կա, դե հո բոլորն ուզող չե՞ն: Մեջները չուզողներ էլ կան։ Էդպես եմ մտածում, բայց դե որ մենք վճարել ենք օրենքին համապատասխան, դա միանշանակ եմ ասում», - նկատեց ընկերության հաշվապահը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ահազանգ հնչեցրած աշխատակիցներին պարզելուց հետո հեռացնեն աշխատանքից, Ռազմիկ Սարուխանյանը բացասական պատասխան հնչեցրեց:
«Չէ, չէ, առանց պատճառ մենք չենք կարա հեռացնենք ոչ մեկին: Այսինքն՝ դա չի կարա հիմք հանդիսանա, որ մենք հեռացնենք, մենք չունենք էդ իրավունքը»: