09/04/2020 12:31
60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին․ մարզպետ
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը:
Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր, մասնավորապես,
Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային ակումբի տնօրինության նախաձեռնությամբ 60 շահառու ընտանիքների տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ:
Սոցիալական մեկ այլ նախաձեռնությամբ են հանդես եկել Նոր Գեղիի համայնքապետարանը և «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրությունը ներկայացնող «ՔԵՅ ԷՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:
Վերջիններիս կողմից Նոր Գեղի համայնքի ուսուցիչներին, մանկապարտեզների, համայնքապետարանի, Հայ Փոստի աշխատակիցներին, բուժաշխատողներին, կամավորներին, սբ․Հովհաննես եկեղեցու ծառայողներին տրամադրվել է «ԷԿՈԲԵՐԻ» ելակի արտադրանքի տեսականուց:
Կամարիս համայնքում գործող «Ռոք Բերի» ընկերությունը Ծաղկաձորի հանգստյան տներում մեկուսացված մեր համաքաղաքացիներին կրկին փոխանցել է իր արտադրանքի տեսականուց:
Սոլակ համայնքի նախաձեռնությամբ էլ դիմակներ են կարվել և բաժանվել բնակիչներին:
Մեր համայնքներում շարունակվում են սոցիալական տարբեր ծրագրեր իրականանալ, իսկ ես դրան զուգահեռ, կրկին կոչ եմ անում և հորդորում այս օրերին ևս խստորեն պահպանել Պարետատան սահմանած սահմանափակումները, #մնալտանը և տանից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ձեզ հետ ունենալով նաև հատուկ նմուշի ձևաթուղթը:
Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր տնտեսվարողներին, անհատներին, կամավորներին՝ մեր կողքին գտնվելու և մեր համայնքներում նման ծավալի ծրագրերը կյանքի կոչելու համար:
Համոզված եմ՝ միասնական և համախմբված շատ արագ հաղթահարելու ենք այս ճգնաժամը:
Առո՛ղջ եղեք», - գրել է նա: