09/04/2020 16:21
Պարետատան նախաձեռնած թռիչքով հայրենիք են ժամանել վերջին օրերին Պեկինում ՀՀ դեսպանատանը բնակված երկու հայեր (Տեսանյութ)
ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով կեսգիշերին Չինաստանից Հայաստան են ժամանել վերջին 10 օրերին Չինաստանում ՀՀ դեսպանատան շենքում մնացած ամուսինները։
«Օտար երկրում, անգամ փակ օդային ճանապարհների, և լոգիստիկ հանգույցների անհասանելիության պայմաններում, անհավանականը հավանական կարող է դառնալ, երբ թիկունքում ունես քո պետությունը ներկայացնող դիվանագիտական կառույց, իսկ հայրենիքում՝ քաղաքացու արժեքը գիտակցող պետական այրեր», - ասել է Վոլոդյա Մարգարյանը, որը վերջին 10 օրերին իր հղի կնոջ հետ բնակվում էր Չինաստանում ՀՀ դեսպանատան շենքում:
Զույգը Չինաստանում ՀՀ դեսպանություն էր տեղափոխվել մարտի 28-ին, այն բանից հետո, երբ Պեկինի օդանավակայանում ի հակառակ օր առաջ տրված հավաստիացումներին՝ նրանց չէին թույլատրել թռչել «Aeroflot» ավիաընկերության՝ Պեկին-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով. ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ավիաընկերությունը տեղափոխել էր բացառապես Ռուսաստանի քաղաքացիներին:
«Համավարակի այս օրերին ինքներս՝ որպես ՀՀ քաղաքացի, ականատես եղանք, թե ինչպես են տքնաջան աշխատում Չինաստանում մեր դիվանագիտական կառույցի բոլոր աշխատակիցները՝ կազմակերպելու և իրագործելու մեր երկրի համար կենսական անհրաժեշտություն ունեցող բուժսարքավորումների հավաքագրումը, ապա դրանց ապահով տեղափոխումը օդանավ: Աշխատանք, որն արվում է լուռ ու շատ հաճախ շարքային քաղաքացիներիս համար անտեսանելի», - ասել է Վոլոդյան՝ նշելով, որ կազմակերպչական բարձր մակարդակ է դրսևորվել նաև Պեկինի օդանավակայանում՝ չին գործընկերների հետ աշխատանքում:
Միջազգային թռիչքների համար այս օրերին փակ օդանավակայանը բացվել է հայազգի զույգի համար՝ մեկնման ընթացակարգը ապահովելու, ելքի օրինականությունը կնիքով վավերականացնելու համար:
«Առանձնահատուկ շնորհակալություն պարոն դեսպան Սերգեյ Մանասարյանին, հյուպատոս Արտակ Կալաչյանին, դեսպանության բոլոր աշխատակիցներին՝ ի դեմս Հայկի, որոնց հետ պատիվ ունեցա շփվել այս օրերին: Շնորհակալություն բոլոր պետական գերատեսչություններին, որոնք փակ օդային ճանապարհների պայմաններում իրականություն դարձրին այս չվերթը: Հատուկ շնորհակալություն օդանավի ողջ անձնակազմին, պրոֆեսիոնալներ, ովքեր ոչ միայն անվտանգ հայրենիք հասցրին կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՀՀ պետական միջոցներով ձեռքբերված, չին գործընկերների ու բարերարների նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը, այլև՝ ինձ, կնոջս ու մեր ապագա բալիկին: Շնորհակալ եմ անչափ այս մարդասիրական քայլի համար: Նաև հարազատներիս ու ընկերներիս եմ շնորհակալ՝ դժվարին այս շրջանում մեզ ոգևորելու ու լավատեսություն փոխանցելու համար», - ասել է Վոլոդյան, ով կնոջ հետ համապատասխան խմբի ուղեկցությամբ կեսգիշերին օդանավակայանից տեղափոխվել է կարանտինային գոտի, ուր կգտնվի առաջիկա 14 օրերին:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը:
Միաժամանակ նա նշել էր, որ տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ: