10/04/2020 00:48
Ucom ընկերության կառավարման անձնակազմն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ucom ընկերության կառավարման անձնակազմը, տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել, տեղեկացնում է 1lurer.am-ը։
Ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:
Civilnet.am-ը գրում է, որ հրաժարական տված անձանց թվում են նաև Ալեքսանդր և Հայկ Եսայանները, որոնք ընկերության հիմնադիրներից են։
Թեև Եսայան եղբայրներն իրենց թիմով էին հիմնել ընկերությունը, հետագայում այնտեղ բաժնեմասեր էին ձեռք բերել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ իր բանկի և մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաև կառավարումը։
Ավելի վաղ «Յուքոմ» ՓԲ ընկերությունը հաստատել է կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հետ (NASDAQ և Euronext Ամստերդամ)` վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) վաճառելու հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայումս քննարկումներ վարելու փաստը: