10/04/2020 14:14
Ասկերանում 14 քաղաքացի ինքնամեկուսացել է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով:
Բեռնափոխադրում իրականացնող անձը Արցախի տարածքում եղել է մի քանի ժամ և շփվել է ընկերություններից մեկի պահեստի անձնակազմի հետ: Վերջիններիս, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացրել են. այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո:
ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից այդ տեղանքում իրականացվել են անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ:
Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ ճիշտ նույն նկատառումներով, ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները: